Արտաշես Ա-ի գահակալումը։ Հայկական հողերի միավորումը

Ք.ա. II դ. սկզբներին Մերձավոր Արևելքում միջազգային հարաբերությունները բավականին սրվել էին: Սելևկյանները լայն ծրագրեր էին մշակել Փոքր Ասիան ամբողջությամբ նվաճելու և ապա դեպի Եվրոպա արշավելու ուղղությամբ: Նվաճողական ծրագրեր ուներ նաև Հռոմեական հանրապետությունը: Այն իր հերթին ցանկանում էր նվաճել Փոքր Ասիան, ջախջախել Սելևկյաններին և իր տիրապետությունը հաստատել միջերկրածովյան ավազանում: Կողմերի միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա. 190 թ. Մագնեսիայի մոտ, որտեղ Սելևկյանները ծանր պարտություն կրեցին:

Մեծ Հայքի և Ծոփքի կառավարիչներ Արտաշեսն ու Զարեհը անմիջապես օգտվեցին Սելևկյանների պարտությունից և Ք.ա. 189 թ. իրենց անկախ թագավորներ հռչակեցին: Նրանց այդ գործողությունները խրախուսվել են Հռոմի կողմից, որն անմիջապես ճանաչել է նրանց անկախությունը: Նույն այդ ժամանակ իրենց անկախությունն են վերականգնել նաև Փոքր Հայքի և Կոմագենեի հայկական թագավորությունները:

Երվանդականների անկումից 10տ․ անց, Մեծ Հայքը և Ծոփքը վերականգնեցին իրենց անկախությունը: Մեծ Հայքում հաստատվեց արքայական մի նոր հարստություն/ Ք․ա․ 189-1թթ/, որի հիմնադիրը դարձավ Արտաշես Ա-ն/Ք․ա․ 189-160թթ/ :

Արտաշես Ա-ն/Ք․ա․ 189-160թթ/ հայոց պատմության ամենանշանավոր գործիչներից է: Նա անջնջելի հետք և հիշատակ է թողել մեր ժողովրդի պատմության մեջ: Իզուր չէ, որ նա կրել է «Մեծ», «Աշխարհակալ», «Բարի» պատվատիտղոսները, որոնք վկայում են արքայի նկատմամբ ժողովրդի տածած անսահման սիրո մասին: Միևնույն ժամանակ Արտաշեսը լայն ճանաչում է ունեցել Հին աշխարհում, հունա-հռոմեական բազմաթիվ հեղինակներ անդրադարձել են նրա գործունեությանը:

Իր թագավորության հենց սկզբում Արտաշեսն արշավանք է ձեռնարկում դեպի Արևելք և հասնում Կասպից ծովի ափերը: Նա այստեղ Մեծ Հայքին է միացնում Փայտակարանը և մինչև Ուրմիո լճի արևմտյան ափերն ընկած հողերը: Ապա արշավանք է ձեռնարկում դեպի հյուսիս՝ Վիրք, որը զավթել էր հայկական հինավուրց Գուգարք նահանգը: Հայոց զորավար Սմբատ Բագրատունին ջախջախում է վրացական բանակը և վերադարձնում զավթված տարածքները: Վրացական կողմը պարտավորվում է «դրամ հատել Արտաշես արքայի պատկերով» և զորք տրամադրել: Արևմուտքում Արտաշեսը գրավեց և Մեծ Հայքին միացրեց Կարնո երկրամասն ու Դերջան գավառը: Հարավում երկարատև ու արյունահեղ կռիվներից հետո Արտաշեսն ազատագրեց Սելևկյանների կողմից բռնազավթված Տմորիք երկրամասը:

Ծոփքի արքա Զարեհի մահից հետո, որն իր հերթին ազատագրել էր հայկական երկրամասերն արևմուտքում, Արտաշեսը փորձեց Ծոփքը նույնպես միացնել Մեծ Հայքին: Այստեղ, սակայն, հանդիպեց Ծոփքի դաշնակից Կապադովկիայի համառ դիմադրությանը, որի հետևանքով անորոշ ժամանակով հետաձգվեց Ծոփքի միացումը:

Արտաշեսի ձեռնարկումների շնորհիվ հայկական տարածքների մեծ մասը միավորվեց մեկ ընդհանուր պետության՝ Մեծ Հայքի թագավորության մեջ: Այդ պատճառով է, որ հույն պատմիչը նրան անվանում է «Հայաստանի մեծ մասի կառավարիչ», իսկ մի այլ պատմիչ՝ հույն աշխարհագետ Ստրաբոնը, գրում է, որ «Հայաստանը… աճել է Արտաշեսի ջանքերով… և այստեղ բոլորը միալեզու են», այսինքն՝ հայալեզու են:

Մեծ Հայքի թագավորության միջազգային հեղինակության աճը

Հայկական հողերի մեծ մասի միավորումով Մեծ Հայքի թագավորությունը վերածվեց Առաջավոր Ասիայում պատկառելի ուժ ներկայացնող մի պետության:

Ք.ա. 183-179 թթ. Փոքր Ասիայում պատերազմ բռնկվեց մի կողմից՝ Պոնտոսի ու Փոքր Հայքի և մյուս կողմից՝ Կապադովկիայի, Բյութանիայի ու նրանց դաշնակիցների միջև: Մեծ Հայքը չեզոքություն պահպանեց, բայց ակտիվորեն ներազդեց կողմերի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար: Հաշտության պայմանագրի կնքմանը, որպես հեղինակավոր ու հարգված գահակալ, դատավորի կարգավիճակով հրավիրվեց նաև Արտաշես Ա-ն: Դիվանագիտական նուրբ ու ճշգրիտ քայլերով Արտաշեսը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին՝ հետագայում վերջինս իր թագավորությանը միացնելու հեռահար ծրագրով: Իսկ երբ Մարաստանի Սելևկյան սատրապն ապստամբեց և իրեն հայտարարեց անկախ թագավոր, Արտաշես Ա-ն Սելևկյաններին թուլացնելու նպատակով անմիջապես օգնության ձեռք մեկնեց նրան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *