Ամանորյա նախագիծ- աշխարհագրություն

  • Ներկայացնել տարբեր երկրների ամանորյա ավանդույթները և ուսումնասիրել այլ ազգերի ծիսական սովորույթները, ամանորյա խոհանոցը, համեմատում, – Պատրաստել տեսաֆիլմ

Slide

Կուբայում Նոր Տարվա նախօրեին բոլոր դույլերը, թասերը լցնում են ջրով և կեսգիշերին պատուհանից դուրս թափում: Այդպիսով անցնող տարուն ցանկանում են ջրի պես լուսավոր ճանապարհ: Մինչ ժամացույցը խփում է տասներկու անգամ, անհրաժեշտ է խաղողի տասներկու հատիկ ուտել ,և այդ դեպքում մարդուն ամբողջ տարվա ընթացքում կուղեկցեն համերաշխությունը, խաղաղությունը և բարեկեցությունը:

Ճապոնիայում Նոր Տարվա գիշերը 108 անգամ զնգում են զանգերը: Յուրաքանչյուր հարված համապատասխանում է որևէ արատի` ագահություն, հիմարություն, չարություն, թեթևամտություն, անվճռականություն և նախանձ: Ամեն մի արատ ունի տասնութ տարբեր երանգ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 108: Ըստ ավանդույթի, Ամանորից առաջ միմյանց նվիրում են բացիկներ այն կենդանու պատկերով, որի տարին է լինելու: Սակայն ճապոնական տան հիմնական զարդարանքը «կադոմացու»-ն է (ելքի մոտի սոճի): «Կադոմացու»-ն յուրօրինակ ողջույն է Նոր տարվա սրբին: Սովորաբար այն պատրաստում են սոճուց, բամբուկից եւ բրնձի հյուսված ցողուններից:

Չինաստանում Նոր Տարին նշվում է ավելի ուշ, քան ավանդական եվրոպականը. այդ տոնը գալիս է փետրվարի վերջին: Չինական Ամանորի բնորոշ հատկանիշները համարվում են ճայթուկներն ու հրավառությունը: Չինացիները հավատացած են, որ ինչքան շատ լինեն լույսերը, այնքան երջանիկ կլինի գալիք տարին: Ծննդյան օրերին Չինաստանում հայտնվածներն առաջին հերթին նկատում են Լույսի ծառեր: Դա տոնածառի նախատիպն է: Լույսի ծառերը զարդարվում են արեւելյան ճոխությամբ, վառ լապտերիկներով, ծաղիկներով եւ ծաղկաշղթաներով:

Իտալական ավանդույթի մասին գիտեն գրեթե բոլորը: Իտալիայում նույնպես կարծում են, որ Նոր տարին պետք է դիմավորել` ազատվելով հին իրերից, վատ ու տխուր հիշողություններից: Իտալացիները պահպանել են դեկտեմբերի 31-ի գիշերը պատուհանից հին իրերը դուրս նետելու սովորույթը: Իտալացիները նախընտրում են Նոր տարի մտնել ոչ միայն տան նորացված հարդարանքով, այլեւ նոր հագուկապով: Դեկտեմբերի 31-ին տղամարդիկ եւ կանայք հարազատներին նվիրում են կարմիր գույնի ներքնազգեստ: Հենց այդ գույնն է խորհրդանշում նորությունը: Իսկ փոքրիկ իտալացիները նվերներ են սպասում Ձմեռ Պապի կնոջից` Լա Բեֆանայից:

ԻսպանիայումՊորտուգալիայում և եվրոպական այլ երկրներում խաղողի վազը հնուց համարվում է ընտանեկան երջանկության, սիրո և օջախի խորհրդանիշ: Այստեղ տարեմուտի գիշերը` ժամացույցի վերջին տասներկու զանգերի հետ, տասներկու հատիկ խաղող են ուտում և գալիք տարվա բոլոր ամիսների համար երազանք պահում:

Բելգիայում բոլոր ազգականները հավաքվում են տոնական սեղանի շուրջ, և բոլոր տներում երեք րոպե հանգցնում են լույսը` այդ ժամանակն անվանելով ամանորյա համբույրների րոպեներ, որոնց գաղտնիքը պահում է մթությունը:

Շոտլանդիայում կարծում են, որ ով Ամանորին առաջինը մտնի իրենց տուն, նրանից է գալու եկող տարվա հաջողությունը: Ըստ հավատալիքների` մեծ հաջողություն է բերում թուխ մազերով տղամարդը, ով նաև նվերներ ունի: Այստեղ բուխարիում մեծ կրակ են վառում և տասներկու զանգերին սպասելիս ամբողջ ընտանիքով հավաքվում շուրջը: Տոնի ընթացքում ամենուր փոխանակվում են ողջույններով ու բարեմաղթանքներով, գրկում ու համբուրում են բոլոր բարեկամներին ու ազգականներին, կենացներ հնչեցնում` միմյանց մեծ երջանկություն և ուրախություն մաղթելով: Շոտլանդիայում նաեւ Ամանորի գիշերը գնում են հարեւան-բարեկամների տուն՝ նախապես վերցնելով մի կտոր քաղցրաբլիթ, մեկ գավաթ գինի եւ մի փոքրիկ կտոր ածուխ: Շոտլանդացիների տեսանկյունից դա ամենալավ ձեւն է ամբողջ տարվա համար ապահովելու սննդամթերք, խմիչք եւ տաքություն:

Էստոնիայում, ինչպես նաեւ Ավստրիայում եւ Շոտլանդիայում, նոր տարում երջանկություն կբերի փողոցում հանդիպած ծխնելույզ մաքրողը, որը պարտադիր ձեռքին պետք է ունենա աշխատանքի համար անհրաժեշտ իրերը:

Անգլիայի բնակիչները կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետեւի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, եւ բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար:

Հյուսիսային Ամերիկայում 1976 թ.-ից գործում է ավանդույթ, որի համաձայն՝ Ամանորը տոնում են ալկոհոլից հրաժարված, այսինքն՝ Ամանորի առաջին գիշերը ոչ ոք ալկոհոլ չի օգտագործում:

Դանիացիները կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր շիլա, որի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ թաքցված է ընկույզ կամ նուշ: Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիկներին: Եթե նրանցից որեւէ մեկին բաժին հասնի ընկույզ, ապա Նոր տարում ամուսնությունից խուսափել չի լինի:

Հյուսիսային Հնդկաստանի բնակիչները Ամանորին գերադասում են հագուստը զարդարել վարդագույն, կարմիր, մանուշակագույն կամ սպիտակ ծաղիկներով: Հնդիկ մայրերը քաղցրավենիքները, ծաղիկները եւ փոքրիկ նվերները դնում են առանձին սկուտեղի վրա, իսկ առավոտյան երեխաները աչքերը փակում են եւ սպասում, որ իրենց մոտեցնեն սկուտեղին` նվերը ստանալու համար:

Ֆինլանդիայում տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը եւ բրնձի շիլան: Իսկ Ծննդյան տոնի գլխավոր դերակատարներից է «Joulupukki»-ն: Ֆիններն այդպես են կոչում Ձմեռ Պապին: Նախկինում նա բացի նվերներից իր հետ բերում էր նաեւ ճիպոտներ, իսկ իր այցը սկսում էր հետեւյալ խոսքերով`«ՙԿա՞ն, արդյոք, այս տանը խելոք երեխաներ»: Այսօր դաստիարակության գործոնը գրեթե վերացել է եւ բոլոր երեխաները ստանում են նվերներ:

Ֆրանսիայում մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ` չնայած կան որոշակի կանոններ: Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը: Այլ տղամարդուց նմանատիպ նվերը համարվում է «կանոններից դուրս»:

Շվեդներն ավանդաբար միմյանց նվիրում են մոմեր: Այդ նվերը պայմանավորված է նրանով, որ ձմռանը բեւեռային շրջանում շուտ է մթնում, իսկ լույսը ընկերության, բարյացակամության եւ ուրախության խորհրդանիշն է: Շվեդական տներում Ամանորի տոնակատարությունը սկսվում է նրանից, որ հայրիկները տնից դուրս են բերում աղբը, իսկ վերադառնում են Յուլ Տոմտենի` Ձմեռ Պապի կերպարանքով: Երբ ժամացույցը սկսում է ազդարարել կեսգիշերը, բոլորը սկսում են շվիներով աղմկել, իսկ Յուլ Տոմտենը` նվերներ բաժանել: Այդպիսի աղմուկ-աղաղակի պայմաններում է Նոր տարին մուտք  գործում Շվեդիա:

  • Պատրաստել հետաքրքիր տեսաֆիլմ Հայաստանի Հանրապետության ամանորյա անցուդարձից։

Նոր տարին, ըստ հայկական ավանդույթի, անցյալի վերաիմաստավորման խորհրդանիշ է: Հայերն այդ տոնը նշում են անհիշելի ժամանակներից: Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել, հետ ու առաջ է ընկել։ Խոր անցյալում հայոց նախնիները Ամանորը տոնել են գարնան զարթոնքին՝ Արեգ ամսին մարտի 21-ի գիշերահավասարի օրը, Նավասարդը (hայկական տոմարի առաջին ամսվա անվանումը, որը նշանակում է «նոր տարի») նշել են օգոստոսի 11-ին, դե իսկ Նոր տարին էլ՝ հունվարի 1-ին:

Երևանի գլխավոր տոնածառը

Հայերը հին ասացվածք ունեն. «Առանց գինու Նոր տարին կգա, առանց նգածաղկի` կուշանա»: Հնում նգածաղիկը ամենատարածված համեմունքն է եղել: Այս ախորժաբեր ծաղիկն աճում էր Արարատ լեռան լանջերին: Մարդիկ հավաքում ու չորացնում էին այն, հետո տարածում ամբողջ Հայաստանով: Անկախ բնակության վայրից, հայն Ամանորի կերակրատեսակները պատրաստելիս միշտ օգտագործում էր չորացրած նգածաղիկը: Այս ավանդույթը հայ ժողովրդի միասնականության խորհրդանիշն էր:

Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում հայտնի էր «Կախու», «Կախուկ» կամ «Գոտեկախի» սովորույթը, որն արևելյան Հայաստանում հայտնի էր նաև: երիտասարդ աղջիկներն ու պատանիները Նոր տարվա նախորդ գիշերը փոքրիկ խմբերով տոպրակներ, գուլպաներ կամ կողովներ առած շրջում էին երդիկից երդիկ և դրանք պարանով երդիկից ցած իջեցնելով` բարեմաղթանքի երգեր էին ասում ու շնորհավորում տնեցիներին: Տանտիկինը կախվածի մեջ զանազան ուտելիքներ էր լցնում: Արցախում և Սյունիքում գոտեկախի սովորույթը հայտնի էր հակառակ տարբերակով: Պատրաստում էին ընկույզի, չոր մրգերի ու եփած հավերի շարան, որը կոչվում էր «Ճլոլունք», և իջեցնում էին հարազատների, իսկ ավելի հաճախ` խնամիների երդիկից ցած:

Ամանորի ավանդույթների մի մասն անմիջականորեն կապված էր կրակի, ծառերի, ջրի պաշտամունքների հետ: Հայաստանի առանձին շրջաններում Նոր տարվա երեկոյան ընդունված էր «կաղանդելը»: Տարբեր շրջաններում Նոր տարվա երեկոյան այրում էին «տարեմտի քյութակ»` մեծ գերան, որի մի ծայրը դրվում էր կրակի մեջ և այրվելու ընթացքում այն աստիճանաբար ներս էին հրում: Այն վառելուց հետո ածուխը թաղում էին դաշտերում, որպեսզի նոր տարին բերքառատ լինի, կորուստներ չլինեն:

Դարերի ընթացքում, և իհարկե, շատ բան է փոխվել, Բայց Նոր տարին այսօր էլ հայերի ամենասպասված և ամենաուրախ տոնն է:

Սովորաբար Ամանորը Հայաստանում դիմավորում են ընտանիքի հետ, առատ սեղանի շուրջ: Հատկանշական է, որ հունվարի 1-ին ուտեստների ցանկում, ըստ հին ավանդույթի, ներառվում էին այնպիսի ուտեստներ, որոնց անվան մեջ կար Ն տառը` Նգածաղիկ, Նուռ, Նուշ և այլն: Նոր տարվա ավանդական ուտեստներից են նաև «անուշ ապուրը» և «ղափաման»: Մինչև օրս էլ Հայաստանի որոշ շրջաններում տոնական «տարեհաց» են պատրաստում: Իհարկե, սեղանից անպակաս են գինին ու կոնյակը: Հայաստանում Նոր տարվա մանկական միջոցառումներին ավանդաբար դիմավորում են Ձմեռ կամ Կաղանդ պապերին՝ Ձյունանուշի հետ կամ առանց նրա, հնչում են հայկական ժողովրդական և ժամանակակից երգեր:

  • Պատրաստել ամանորյա բացիկներ, Ձեր  բարեմաղթանքներով- ներկայացնել նկարներով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *