Թումանյան «Դառնացած ժողովուրդ» վերլուծություն

Հովհաննես Թումանյանը իր ստեղծագործություններով դուրս է ժամանակից։ Խնդիրները, որոնք ներկայացված են այս հոդվածում, եղել են բոլոր ժամանակներում և հիմա էլ արդիական են։ Դրանք ծանր մտքեր են, որոնք նման են հիվանդությունների։ Եվ գլոբալը դրանցից այն է, որ մարդիկ տեսում են խնդիիրները ուրիշների մեջ, սակայն իրենց աչքի գերանը չեն նկատում. «Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։
Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում։
Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը։ Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ»։ Ես համարում եմ, որ ազգի «հիվանդությունը» բոլորիս խնդիրն է․ ոմանք ավելի շատ են դրան հակված, ոմանք՝ ավելի քիչ, բայց մի բան նույնն է գրեթե բոլորիս համար՝ հերքում ենք։ Հերքում ենք խնդիրը։ Ուրիշի սխալը նկատելը երբեք մեզ իրավունք չի տալիս նրան քննադատել, նվաստացնել։ Ցավոք, ինչպես գիտենք, մեր օրերում դա բոլորի կողմից շատ սիրված զբաղմունք է։

Հաջորդ խնդիրը նախանձն է։ «Գյուղացի ռանճպար մարդիկ են, հարևան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռը աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում՝ մյուսը նախանձից հիվանդանում կամ ինչպես իրենք են ասում՝ «արնով է ընկնում»։  Սա մեր «հիվանդության» սիմպտոմներից երևի թե ամենադաժանն է և ամենապարզ բացատրությունն է շատերիս վերաբերմունքին միմյանց։ Ցավալի է, այսօր էլ ինչպես հարյուր տարի առաջ մարդիկ մոռանում են միասին անցած ճանապարհը, միասին վերապրած զգացմունքները, էմոցիաները։ Հոդվածում սա վերաբերվում է նաև հոգևորականներին, լրագրողներին և ուսուցիչներին, ինչի հետ չեմ կարող չհամաձայնվել․ դիմացինի համար փոս փորելիս շատ հիմնականում կապ չունի մասնագիտությունը և տարիքը։

Հոդվածի վերջում գալիս ենք այն եզրակացության, որ իսկապես ամբողջ ազգն է «հիվանդ», սակայն դա պատճառ ունի. «Պարզ հասկանալու համար երևույթի վրա պետք է նայել բնության ու պատմության օրենքների բարձրությունից, էն լայն, խաղաղ ու խոր հայացքով, որ նրանք միայն կարող են տալ։ Ուրիշ ընղհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։» Մեր պատմության մեջ չափազանց շատ են պետականություն կորցնելու, գրավված, ավերված, նվաստացած լինելու ժամանակաշրջանները։ Այս ամենը անշուշտ իր հետքը թողել է մեր ազգի և ազգային ինքնագիտակցության վրա, եթե շփում ունեցել եք ազգայնամոլների հետ, որոնք իրենց կոչում են հայրենասեր, ապա գիտեք ինչ ի նկատի ունեմ։ Մենք դառը պատմություն ունենք, սակայն աճելու և զարգանալու համար պետք է դրանից դասեր առնենք, ոչ թե խեղճանանք։ Այսպիսով, հիվանդ հասարակությունը կարող է ծնել հանճարներ, տաղանդավոր մարդկանց, սակայն ո՛չ ազնիվ ու արդար։

Սակայն Թումանյանը տալիս է մեզ նաև խնդրի լուծումը։ Եթե մենք ունենք իմաստություն, հոգու արիություն, ապա պետք է առաջինը ինքներս մեզ խոստովանենք, որ խնդիր կա, իսկ հետո նաև ամբողջ աշխարհին. «Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած։»

Հոդվածը գրված է 1910 թվականին, սակայն ներկայացված բոլոր խնդիրները ավելի քան արդիական են։ Կարծում եմ, բոլորս ինքներս մեզ քննելով, կգտնենք մեր մեջ որոշ սխալներ․ ոմանք՝ շատ, ոմանք՝ քիչ։ Իսկ թե կխոստովանենք դրանք և կփորձենք ուղղել, արդեն կախված է յուրաքանչյուրիս որոշումից։ Բայց քանի դեռ դա չենք արել, կմնանք փչացած՝ դառնացած։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *